AM
1 Նոյեմբեր 2008 - 11:50 AMT

Բալմոնտում տեղի կունենա «Մորգենթաուի պատմությունը» փաստագրական ֆիլմի պրեմիերան

Բալմոնտի Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիայի (NAASR) կենտրոնում նոյեմբերի 6-ին տեղի կունենա «Մորգենթաուի պատմությունը» փաստագրական ֆիլմի առաջին ցուցադրությունը: Կինոնկարի ցուցադրման կազմակերպիչներն են Հարվարդի համալսարանի Մաշտոցի ամբիոնն ու NAASR-ը: Ֆիլմը պատմում է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի հումանիզմի մասին, որը կոչ էր անում օսմանյան կառավարությանը դադարեցնել Հայոց ցեղասպանությունը: Ֆիլմի ռեժիսորն է Արտո Թորոսյանը: Ֆիլմում ներկայացված են Թորոսյանի հարցազրույցները դեսպան Մորգենթաուի թոռներ` Հենրի եւ Ռոբերտ Մորգենթաուների եւ ծոռնուհի Պամելա Սթեյների հետ, հաղորդում է wickedlocal.com-ը:

Հենրի Մորգենթաուն եղել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանը 1913-1916թթ.: Նա բազմիցս է կոչ արել Օսմանյան Թուրքիայի կառավարությանը դադարեցնել հայ ժողովրդի ոչնչացումը: Հայոց ցեղասպանության, հույների եւ ասորիների ցեղասպանության ժամանակ դեսպան Մորգենթաուն օգնել է փրկել հազարավոր մարդկանց կյանքեր: