AM
4 Նոյեմբեր 2008 - 12:03 AMT

Մեթյու Բրայզա. Կարծես թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են աշխատել Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնության շուրջ

ԱՄՆ-ում առաջընթաց են նկատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերում, բայց ձեռնպահ են մնում Կովկասում լարվածության ավարտի մասին հայտարարություններից: Այդ մասին հայտնել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական, ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ես չեմ կարող կանխատեսել, թե երբ եւ ինչպես մենք հաջողության կհասնենք: Բայց կարծես թե Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները պատրաստ են աշխատել Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնության շուրջ»,- նշել է նա:

Ամերիկացի դիվանագետը նաեւ ասել է, որ Թուրքիան կարող է մեծ դեր խաղալ բանաձեւին աջակցելու գործում եւ միջնորդի դեր խաղալ` սատարելով Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններին եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Թեեւ Բրայզան լավատեսորեն է մոտեցել հռչակագրին, բայց նկատել է, որ լարվածությունը Կոկվասում դեռեւս առկա է, գրում է թուրքական Hurriyet թերթը: