Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու Բարակ Օբաման հավաքել է նախագահական ընտրություններում հաղթելու համար անհրաժեշտ ընտրիչների ձայների քանակը: CNN-ի տվյալներով, Օբաման ստացել է Ընտրիչների կոլեգիայի 338 անդամների ձայները: Նրա մրցակից, հանրապետական Ջոն ՄըքՔեյնը երկրորդն է` 156 ընտրիչների ձայներով:
Բոլոր առաջատար ամերիկյան հեռուստաալիքներն արդեն անվանել են Օբամային Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ: Քվեների հաշվարկը պաշտոնապես դեռեւս չի ավարտվել, սակայն Բարակ Օբամայի հաղթանակն ակնհայտ է: Դեմոկրատ թեկնածուն հաղթել է բոլոր այն նահանգներում, որոնք ավանդաբար եղել են ժողովրդավարների հենքը, ինչպես նաեւ արժանացել է այն նահանգների ընտրողների համակրանքին, որտեղ 2004թ. ընտրություններում հաղթեց Սպիտակ տան հեռացող ղեկավար Ջորջ Բուշը: Օբաման շահել է ընտիչների ձայները Վիրգինիա, Այովա, Օհայո, Նյու Յորք, Նյու Մեքսիկո, Ռոդ Այլենդ, Միչիգան, Մինեսոտա, Վիսկոնսին, Քոննեքտիկուտ, Դելավեր, Իլլինոյս, Մեն, Մերիլենդ, Մասսաչուսեթս, Նյու Հեմփշիր, Նյու Ջերսի, Փենսիլվանիա, Վերմոնտ, Նեվադա, Ֆլորիդա նահանգներում, Կոլումբիայի մարզում:
ԱՄՆ նախագահի ընտրությունները ձեւականորեն տեղի կունենան դեկտեմբերին` ընտրիչների կոլեգիայի նիստում, իսկ Բարակ Օբաման Սպիտակ տան նոր ղեկավարի իր պարտականությունները կստանձնի 2009թ. հունվարի 20-ին: Նոր վարչակազմի փոխնախագահը կլինի սենատոր Ջո Բայդենը:





