AM
6 Նոյեմբեր 2008 - 10:36 AMT

Բաքվի կողմից ղարաբաղյան հակամարտության էսկալացիան կարող է հարցականի տակ դնել Ադրբեջանի բուն գոյությունը

Մինչ այժմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանական կողմը ծայրահեղ անհանդուրժողականություն էր դրսեւորում, ընդ որում պահանջներ ներկայացնելով որոշ վիճելի տարածքներ իրեն վերադարձնելու մասին, իր կազմում Լեռնային Ղարաբաղն ընդգրկելու վերաբերյալ եւ այլն: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ Աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի թղթակից անդամ Արաիկ Ստեփանյանը: Նրա խոսքերով, այդ պահանջները ձեռնատու չէին հայկական կողմին: «Սակայն Ցխինվալից հետո, երբ Ադրբեջանն իր աչքերով տեսավ թե ինչ գին վճարեց Վրաստանը ուժի միջոցով Հարավային Օսեթիան նվաճելու փորձի համար, նա մեղմեց իր ախորժակը: Այս հարցում Ռուսաստանը որոշեց հետեւել «երկաթը տաք-տաք են ծեծում» ասացվածքին»,-գտնում է նա:

Ստեփանյանն ընդգծել է նաեւ, որ Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի ագրեսիայից հետո վերջնականապես պարզ դարձավ, որ ռազմական ճանապարհով անհնար է վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, ուստի կողմերը որոշեցին, որ ավելի լավ է միանգամից անցնել դիվանագիտական ռելսերի վրա: «Տվյալ դեպքում Ռուսաստանը կառուցողական դեր կատարեց եւ միանգամից նախաձեռնությունն իր վրա վերցրեց, ինչի հետ ամերիկացիները ստիպված եղան համաձայնվել: Քանի որ ոչ մի այլ բան նրանք առաջարկել չեն կարող, որովհետեւ գտնվում են խորը տնտեսական ճգնաժամի մեջ, ինչն ընդհանրապես հարցականի տակ է դրել Ամերիկայի ապագան: Ռուսաստանն այս հարցում կայունացնող դեր կատարեց, միանգամից ճիշտ դիրքորոշում որդեգրելով եւ երկու կողմերին նստեցնելով բանակցությունների սեղանի շուրջ: Ռուսաստանի շնորհիվ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն ընթացավ առավել հանդարտ, դիվանագիտական, հավասարակշիռ, հանգիստ հունով»,-գտնում է ռուս քաղաքագետը:

Միեւնույն ժամանակ նա գտնում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը զսպեցին իրենց ախորժակները: «Այժմ նրանք ստիպված են ինչ-որ փոխզիջման գալ, ինչն անհրաժեշտ է Կովկասի կայունացման համար: Սա շատ կարեւոր տարածաշրջան է ոչ միայն ԱՄՆ-ի, այլ նաեւ Եվրոպայի, Թուրքիայի ու արաբական երկրների համար: Ուստի, թույլ չտալու համար հակամարտության էսկալացիան, հայկական եւ ադրբեջանական կողմերն ընդունեցին այս հռչակագիրը, պայմանավորվելով կարգավորել հակամարտությունը խաղաղ ճանապարհով: Առավել եւս, որ Ադրբեջանին ընդհանրապես ձեռնատու չէ առճակատման գնալ, փորձելով ռազմական ճանապարհով վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, քանի որ դա հղի է լուրջ հետեւանքներով: Ադրբեջանի կողմից հակամարտության էսկալացիան, ինչպես Վրաստանի դեպքում, կարող է հանգեցնել ադրբեջանական պետության վերջնական փլուզման, իսկ հեռանկարում կարող է հարցականի տակ դնել Ադրբեջանի գոյությունը: Ուստի վատ խաղաղությունը, մշուշոտ, վիրտուալ ռազմական հաղթանակից լավ է»,-կարծում է Արաիկ Ստեփանյանը, գրում է «Ռուսկայա լինիան»: