AM
6 Նոյեմբեր 2008 - 11:39 AMT

Էրդոգանը հույս ունի, որ Բարակ Օբաման չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Բարակ Օբամայի ընտրվելու հետ կապված ԱՄՆ վարչակազմի փոփոխությունները չեն անդրադառնա թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Այդ մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանը: Նրա խոսքերով, երկկողմ հարաբերությունները հիմնվում են ընդհանուր մարտավարական շահերի վրա: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Բարակ Օբամայի խոստումին, ապա Էրդոգանը գտնում է, որ ԱՄՆ նոր նախագահը նման քայլի չի գնա: «Մենք պետք է առանձնացնենք նախընտրական պայքարի հռետորությունն ու խոստումներն իրականությունից: ԱՄՆ ուսերին ընկած է այլ երկրների առնչությամբ մեծ պատասխանատվության բեռը, եւ դա հզոր երկիր է` մեծ հնարավորություններով: Օբաման նախագահ դարձավ գլոբալ ճգնաժամի ժամանակ, եւ նա պետք է պայքարի դրա դեմ»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը` կարծիք հայտնելով, որ Օբաման հետ կկանգնի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումից, գրում է թուրքական Today’s Zaman թերթը: