AM
20 Նոյեմբեր 2008 - 12:21 AMT

Մոսկովյան հռչակագիրը ղարաբաղյան կարգավորման ճանապարհային քարտե՞զն է

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ստորագրած Մոսկովյան հռչակագիրը ճանապարհային քարտեզ է, որն իր մեջ պարունակում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ճանապարհները: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովը:

«Մոսկովյան հռչակագրում չկան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ստորագրությունները, եւ այնտեղ նշված չէ, որ Լեռնային Ղարաբաղը իրավունք չունի մասնակցելու կարգավորման գործընթացին»,- նշել է ռուս դիվանագետը` ավելացնելով, որ անհրաժեշտ է սպասել, մինչեւ պարզ դառնա, թե ինչպես են հետագայում զարգանալու իրադարձությունները:

«Ես այդ առիթով շատ կարծիքներ եմ լսել, բայց դա միայն կարծիքներ են: Պետք է ելնել այն բանից, որ մենք ունենք մոսկովյան հռչակագիրը»,- ընդգծել է Իստրատովը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջան» տեղեկատվական գործակալությունը: