Հայաստանը երբեք չի պահանջի, որպեսզի Հայկական սփյուռքը դադարեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված իր ջանքերը: Բայց, չնայած դրան, պաշտոնական Երեւանը ցանկանում է շարունակել Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման համար տարվող բանակցությունները: Այդ մասին Ստամբուլում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քարտուղարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար լավ մթնոլորտ գոյություն ունի եւ այդ ուղղությամբ ակտիվ երկխոսություն է տարվում: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ավելացրել է, որ հայկական կողմը տրամադրված է բանակցությունների շարունակմանը եւ նույնն ակնկալում է նաեւ թուրքական կողմից:
Էդվարդ Նալբանդյանը, նշելով, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը ճիշտ որոշում կայացրեց` ընդունելով Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Երեւան այցելելու հրավերը, եւս մեկ անգամ ընդգծել է առանց նախապայմանների սահմանի բացման եւ Երեւանի ու Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը: «Դա լավություն չէ, որն անելու խնդրանքով մենք դիմում ենք Անկարային: Սահմանների բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի շահերից»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:
Էդվարդ Նալբանդյանը Ստամբուլում է գտնվում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) քարտուղարության նիստին մասնակցելու համար: Հոկտեմբերի 23-ից Հայաստանը հանդիսանում է ՍՏՀԿ նախագահ երկիրը:





