AM
29 Նոյեմբեր 2008 - 10:12 AMT

Լենմարկերը Նալբանդյանի ու Մամեդյարովի հետ կքննարկի «ղարաբաղյան գործընթացի բարելավման նոր գաղափարները»

ԵԱՀԿ-ում հուսով են, որ ղարաբաղյան հակամարտությունը շուտով կկարգավորվի: Վերջերս ակտիվացած բանակցային գործընթացը հույս է ներշնչում, որ հակամարտությունը կհանգուցալուծվի սեղմ ժամկետներում: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հակամարտության գծով զեկուցող Գորան Լենմարկերը:
«Երկու երկրներն էլ դրական շատ բան կստանան ղարաբաղյան հակամարտության կարգավորումից»,-ասել է Լենմարկերը` հավելելով, որ մտադիր է քննարկել ղարաբաղյան գործընթացի բարելավման նոր գաղափարները Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի ու Էդվարդ Նալբանդյանի հետ Հելսինկիում` ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների նիստի շրջանակներում:

«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա կկարողանա բարելավել հարաբերությունները հարեւանների` Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, ինչը նոր խթան կհանդիսանա նրա տնտեսության զարգացման համար»,-ասել է ԵԱՀԿ ներկայացուցիչը` նշելով, որ Հելսինկիից հետո նախատեսում է այցելել տարածաշրջան եւ քննարկել հակամարտության կարգավորման ուղիները Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության հետ, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարները կհավաքվեն ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների ամենամյա նիստի շրջանակներում, որը տեղի կունենա դեկտեմբերի 4-5 Ֆինլանդիայի մայրաքաղաքում: