«Թուրք մտավորականության ներկայացուցիչները անձնապես ներողություն են խնդրել «այն մեծ աղետի համար, որ պատուհասեց հայերին 1915թ. Օսմանյան կայսրությունում», սակայն նրանց չի հաջողվել համոզել պետությանը նույն բանն անել»,-գրում է թուրքական Today’s Zaman-ը: Թուրքիայի իշխանություններին հասցեագրված կոչը ստորագրել են պրոֆեսորներ Բաշկան Օրանը եւ Ահմեդ Ինսելը, լրագրողներ Ալի Բայրամօղլուն ու Չենգիզ Աքթարը:
Նախաձեռնող խումբը մտադիր է կոչ անել թուրք հանրությանը իրենց ստորագրությունները դնել այդ կոչի տակ, որտեղ ասվում է. «Ես չեմ կարող համաձայնվել անտարբերության հետ Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահած աղետի վերաբերյալ եւ այն ժխտելու հետ: Ես հրաժարվում են անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի ցավը եւ ներողություն եմ խնդրում նրանցից»:
Այս գործընթացի կազմակերպիչները կոչ են անում թուրք մտավորականությանը իրենց ստորագրությունները դնել այս կոչի տակ եւ մտադիր են վեբ-կայք բացել ստորագրահավաքի համար:





