AM
12 Դեկտեմբեր 2008 - 12:35 AMT

Բաքուն վերլուծում է Ղարաբաղի շուրջ Հելսինկիում կայացած բանակցությունների արդյունքները

Պաշտոնական Բաքուն վերլուծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հելսինկիում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ կայացած բանակցությունների եւ հակամարտության հետ կապված ԵԱՀԿ ԱԳՆ ղեկավարների անցկացրած ամենամյա ժողովի քննարկումների արդյունքները: «Մենք կհրապարակենք մեր դիրքորոշումը անցկացվող վերլուծության արդյունքներով»,- ուրբաթ օրն ասել է Ադրբեջանի նախագահի Գործադիր մարմնի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:

Դեկտեմբերի սկզբին Հելսինկիում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ժողովների շրջանակներում անցակցվել էր Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարներ Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Այնուհետեւ բանակցությունները շարունակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ: Արդյունքում ընդունվել էր համատեղ հռչակագիր:

Մամեդովի խոսքերով, ադրբեջանական կողմը տվյալներ չունի այն մասին, որ Ռուսաստանը խոչընդոտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բանաձեւի ընդունմանը Հելսինկիում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների նիստի արդյունքներով:

«Ես այդ մասին մամուլում եմ կարդացել: Բայց ես ոչինչ չեմ կարող ասել այն մասին, որ դա Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն է: Հարցը պարզ կդառնա այն բանից հետո, երբ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանի այն: Չեմ կարծում, որ Ռուսաստանը մի դիրքորոշում է բռնելու, որը հակառակ կլինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության լուծման սկզբունքին»,- ասել է Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, այսօր Ռուսաստանին անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության», միջազգային իրավական սկզբունքների եւ նորմերի շրջանակներում, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը: