Ադրբեջանական կողմի փորձերն` ուղղված տարբեր միջազգային ֆորումների միջոցով միջնորդների ու միջազգային հանրության վզին փաթաթել ինչպես ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի, այնպես էլ նրա կարգավորման ուղիների իրենց սեփական տեսակետը, մեզ համար նորություն չեն: Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա խոսքերով, այս քաղաքականության շրջանակներում, պաշտոնական Բաքուն դիմում է տարբեր հնարքների, մասնավորապես ԼՂՀ ժողովրդի դեմ սանձազերծած իր իսկ ագրեսիայում իրեն որպես զոհ է ներկայացնում եւ քողարկում է իր նպատակները եվրոպական արժեքների եւ ժողովրդավարության լոզունգներով: «Մինչդեռ Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարությունները, մասնավորապես մոսկովյան հռչակագրի կետերի` Իլհամ Ալիեւի յուրօրինակ մեկնաբանությունը, այն է` խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման ժխտումը, ինչպես նաեւ ձեր կողմից նշված կարգավորման ադրբեջանական սկզբունքները ցույց են տալիս ադրբեջանական ժողովրդավարության ողջ կեղծավորությունը եւ ի չիք են դարձնում հիմնախնդրի կարգավորման ուղիների փնտրտուքների` միջազգային հանրության բոլոր փորձերը»,- նշել է Գեորգի Պետրոսյանը:





