AM
19 Հունվար 2009 - 10:56 AMT

Նենսի Փելոսին պահանջում է հետաքննել Ջորջ Բուշի գործունեությունը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին կողմ է նրան, որ ուսումնասիրվի Ջ.Բուշի եւ նրա վարչակազմի որոշ անդամների գործունեությունը: «Ես կարծում եմ, որ մենք պետք է դասեր քաղենք անցյալից: Մենք չենք կարող աչք փակել Արդարադատության նախարարության քաղաքականացման վրա: Առանձին հարցերում մենք տեսնում ենք, որ խոսքը օրենքի խախտման մասին է, եւ ստիպված ենք մտածել` արդյոք մենք իրավունք ունենք անտեսել դա: Այլ հարցերում, հնարավոր է, չարժե ժամանակ վատնել եւ ավելի լավ է դեպի ապագան միտվել, քան կենտրոնանալ անցյալի վրա»,-հայտարարել է նա Fox հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Փելոսին նշել է նաեւ, որ օրենքը կարող է ստիպել ժողովրդավարներին որոշ դեպքերում դատական հետապնդում սկսել, նույնիսկ եթե դա քաղաքականապես ոչ պոպուլյար քայլ լինի: «Որոշ դեպքերում մենք չենք կարող ասել, որ դա այլեւս նշանակություն չունի»,-ասել է նա:

Տեխասի Մեծ ժյուրին մեղադրել է ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնինն եւ նախկին գլխավոր դատախազ Ալբերտո Գոնսալեսին հանցավոր պայմանավորվածության գալու համար: Կոնգրեսը մտադիր է հետաքննել Բուշի գործողությունները, նույնիսկ եթե Բարաք Օբաման դեմ լինի:

Անցած ուրբաթ Կոնգրեսի իրավաբանական հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական-դեմոկրատ Ջոն Կոնյերսը հայտարարել է, որ մտադիր է հանձնաժողով ստեղծել, պարզելու համար խախտել է արդյոք Բուշի վարչակազմը օրենքը` քողարկվելով ազգային անվտանգության շահերով, երբ առանց թույլտվության լսել է հեռախոսային խոսակցությունները, բռնադատել է քննադատողներին, շահարկել է հետախուզական տվյալները եւ աշխատանքից ազատել դաշնային դատախազների:

Հունվարի 20-ին պաշտոնը ստանձնող նախագահ Օբաման շատ ավելի զգուշավոր է արտահայտվել այդ հարցում: Նա ակնարկել է, թե այդ գաղափարի կողմնակից չէ: «Ես չեմ կարծում, թե որեւէ մեկը օրենքից վեր է,-ասել է նա ABC News-ին, սակայն մյուս կողմից, ես գտնում եմ, մենք պետք է առաջ նայենք, ոչ թե` հետ»: