Հայ-վրացական հարաբերություններն ուղղված են եղել երկու հարեւան եւ բարեկամ պետությունների միջեւ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը, համատեղ նոր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, Վրաստանում հայ համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը եւ առկա խնդիրների լուծմանը: Այդ մասին ասվում է 2008թ. համար ՀՀ ԱԳՆ զեկույցում: «2008թ. օգոստոսի սկզբի Հարավային Օսիայի շուրջ իրադարձությունները նոր իրողություններ առաջացրեցին տարածաշրջանում: Նշված իրադարձությունները բացասաբար ազդեցին Հայաստանի տնտեսության վրա, պայթեցվեց եւ տեւական ժամանակ անգործության էր մատնված Հայաստանը Վրաստանին կապող երկաթուղին, դադարեցվել էին Վրաստանի տարածքով Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքների բեռնափոխադրումները: Այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունների ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել երկրի կենսագործունեության բնականոն ընթացքը»,- նշում է ՀՀ ԱԳՆ:
Տարվա ընթացքում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կայացել են բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը կայացել է ՀՀ նախագահի պաշտոնական այցը Վրաստան, որի ընթացքում պայմանավորվուծություններ են ձեռք բերվել այլընտրանքային ճանապարհի կառուցման, անդրսահմանային համագործակցության, երկու երկրների քաղաքացիների միմյանց տարածք մուտք գործելու գործընթացն առավել դյուրացնելու վերաբերյալ: Վրաստանի նախագահը Հայաստանի նախագահին շնորհեց «Ոսկե Գեղմ» Վրաստանի բարձրագույն շքանշան:
Դեկտեմբերի 9-ին պաշտոնական այցով Թբիլիսի է այցելել ՀՀ վարչապետը: Այցի ընթացքում կայացել է Միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 7-րդ համատեղ նիստը, որը հնարավորություն տվեց քննարկել առկա խնդիրները եւ մշակել երկկողմ համագործակցության հետագա զարգացման ուղիները:
Սեպտեմբերի 12-13-ը կայացել է ԱԳ նախարարի պաշտոնական այցը Վրաստան:
Տարվա ընթացքում շարունակվել են Վրաստանի հայկական դպրոցներին ցուցաբերվող աջակցությունը, ուսուցիչների վերապատրաստման գործընթացը:





