ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուղերձ է հղել Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ, որը նշվելու է հունվարի 27-ին, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նացիզմի միլիոնավոր զոհերի հիշատակին` հրեա ժողովրդի գրեթե մեկ երրորդին եւ այլ փոքրամասնությունների ներակայացուցիչների հիշատակին, որոնք դաժան խտրականության, զրկանքների, վայրագությունների եւ սպանությունների են ենթարկվել: Մենք պետք է շարունակենք հետազոտել այն հարցը, թե ինչու աշխարհը չկարողացավ կանխել Հոլոքոսթը եւ մյուս վայրագությունները, որ կատարվեցին ավելի ուշ: Դրա շնորհիվ մենք ավելի լավ զինված կլինենք հակասեմիթիզմի եւ անհանդուրժողության այլ դրսեւորումների դեմ պայքարում:
Պան Գի Մունը նաեւ ասել է, որ պետք է սովորեցնել երեխաներին դասեր քաղել պատմության ամենամռայլ էջերից, ինչը կօգնի նրանց առավել հաջողությամբ կառուցել մի աշխարհ, որ հիմնված կլինի խաղաղ գոյակցության վրա:
«Մենք պետք է պայքարենք Հոլոքոսթի ժխտման դեմ եւ չլռենք, հանդիպելով կանխատրամադրվածության եւ ատելության հետ: Մենք պետք է պաշտպանենք ՄԱԿ-ի չափանիշները մարդկանց պաշտպանելու եւ ցեղասպանություն գործելու համար անպատժելիության դեմ պայքարելու համար: Մենք նախկինի պես ապրում ենք մի աշխարհում, որ տառապում է դաժան բռնություններից եւ մարդու իրավունքների ոտնահարումից, որտեղ մարդիկ հարձակման են ենթարկվում լոկ այն բանի համար, որ նրանք այնպիսին են, ինչպիսին կան»,-ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձում:





