AM
23 Հունվար 2009 - 11:54 AMT

Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածն այժմ սպառնում է նաեւ «Հայե’ր, ներե’ք մեզ» քարոզարշավի նախաձեռնողներին

Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը կարող է կիրառվել նաեւ «Հայե’ր, ներե’ք մեզ» քարոզարշավի նախաձեռնողների եւ մասնակիցների հանդեպ: Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyet թերթը, Անկարայի դատախազ Նադի Թյուրքսալանը դիտարկում է քարոզարշավի հեղինակների եւ մասնակիցների վերաբերյալ հետաքննության անցկացման հնարավորությունը: Ստամբուլի քրեական իրավունքի պրոֆեսոր Էրսան Շենը նշել է` որպեսզի ճշտել, թե արդյոք քարոզարշավը հանդիսանում է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի խախտում, անհրաժեշտ է հասկանալ` արդյոք դրա հեղինակները թուրքական նույնությունը վարկաբեկելու նպատակ են հետապնդել:

«Դատախազությունը կարող է դիմել արդարադատության նախարարին, որպեսզի այդ գործողության մասնակիցների վերաբերյալ հետաքննություն սկսելու համար թույլտվություն ստանա: Երկրի ՔՕ 301-րդ հոդվածի մեջ փոփոխություններ մտցնելուց հետո արդարադատության նախարարից թույլտվություն ստանալը պարտադիր է»,- նկատել է պրոֆեսորը: Նրա խոսքով, առանց համապատասխան թույլտվության դատախազությունն իրավունք չունի անգամ ապացույցներ հավաքել այդ գործի վերաբերյալ:

Հալաթասարայան համալսարանի պրոֆեսոր Յումիթ Քոջասաքալի խոսքով, դժվար է «Հայե’ր, ներե’ք մեզ» հանրագրի տեքստը բնութագրել որպես ՔՕ 301-րդ հոդվածի խախտում: «Եվրոպական մարդու իրավունքների դատարանն առաջնորդվում է այն սկզբունքով, որ խոսքի ազատությունը ներառում է նաեւ անգամ ամենասարսափելի եւ վրդովիչ մտքերի ազատ արտահայտում: Հանրագրում անգամ ցեղասպանության ակնարկ չկա, այնտեղ խոսվում է մեծ աղետի մասին: Բայց պարզ է, որ այդ աղետում մեղադրվում է թուրքական պետությունը կամ թուրք ժողովուրդը, եւ դատախազությունը կարող է լուրջ փաստեր բերել եւ ապացուցել, որ նման մեղադրանքը վիրավորական է ազգի համար»,- ընդգծել է Քոջասաքալը:

«Հայե’ր, ներե’ք մեզ» հանրագիրը Ինտերնետում տեղակայվել է դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրվա ընթացքում հավաքել ավելի քան 8 հազար ձայն: Ներկա պահին ստորագրածների թիվը հասնում է ավելի քան 28 հազարի: Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող համաձայնել Օսմանյան կայսրության հայերին բաժին հասած այդ աղետի հանդեպ անտարբերության եւ ժխտման հետ: Ես հրաժարվում եմ անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ հայցում նրանց ներողամտությունը»,- ասվում է հանրագրում:

«Ինձ համար անթույլատրելի է հայերից ներողություն խնդրելու ինտերնետ-քարոզարշավին աջակցելը»,- հայտնել է վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդողանը` մեկնաբանելով այդ գործողությունը: «Ես երբեք հավանություն չեմ տվել այդ քարոզարշավին: Մենք ոչ մի հանցագործություն չենք իրականացրել, ուստի եւ չպետք է ներողություն խնդրենք: Այդ հարցով պետք է զբաղվեն պատմաբանները: Նման նախաձեռնությունները Թուրքիայի համար հետընթաց քայլ են հանդիսանում»,- ընդգծել է Թուրքիայի վարչապետը: