AM
26 Հունվար 2009 - 14:45 AMT

Դավիթ Հարությունյանը վերընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում

Այսօր ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի նիստում Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Ստրասբուրգում հայկական պատվիրակության գրասենյակում, ԵԽԽՎ նախագահի տեղակալների ընտրության գործընթացը արարողակարգային բնույթ է կրում: «Քվեարկություն որպես այդպիսին չի լինում: Ըստ ստացված քվոտաների Վեհաժողովը ձեւականորեն ընտրում է փոխնախագահին երկու տարով: Այժմ փոխնախագահները 20-են: Դ.Հարությունյանը ԵԽԽՎ փոխնախագահ էր ընտրվել անցյալ տարի»,-հաղորդել են գրասենյակում:

Վեհաժողովը գլխավորում է ձեւականորեն մեկ տարով ընտրվող նախագահը: Գործնականում նախագահի պաշտոնն ռոտացիայի կարգով անցնում է մի քաղաքական խմբավորումից մյուսին յուրաքանչյուր երեք տարին մեկ, այսինքն նախագահի լիազորությունները հաստատվում են առանց այլընտրանքի: Վեհաժողովը ընտրում է նաեւ տեղակալներին, ներկայումս նրանք 20-են: ԵԽԽՎ նախագահը, նրա տեղակալները, քաղաքական խմբերի եւ հանձնաժողովների նախագահները կազմում են Վեհաժողովի բյուրոն: Այն ղեկավարում է Վեհաժողովի աշխատանքը նախապատրաստելով նստաշրջանի օրակարգը եւ որոշելով զեկույց պահանջող հարցերը: