Թուրքիայի նախագահական սիմֆոնիկ նվագախումբը մտադիր է ժամանել Երեւան: Այդ մասին հայտարարել է նվագախմբի ղեկավար Ռենգիմ Գեքմենը` հաստատելով նման այցի հնարավորությունը:
«Հնարավոր է, որ նվագախումբը մեկնի Հայաստան: Սակայն, մենք, առաջին հերթին պետք է գնահատենք հարաբերությունների բարելավման գործընթացը»,-ասել է Գեքմենը: Նրա կարծիքով, նման շրջագայությունները, որ ուղղված են երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավմանը, կարող են իրագործվել միայն Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հովանավորությամբ, գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:
Մշակութային կապերը երկու երկրների միջեւ սկսվեցին 2006 թվականին, երբ Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային թատրոնը համերգ տվեց Ստամբուլում` Աթաթուրքի կենտրոնում: Անբավարար գովազդի պատճառով հանդիսատեսի ներկայությունը սակավաթիվ էր:





