«Քարթուլի դասի» միության առաջնորդ, խորհրդարանական Ջոնդի Բագատուրիան շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանության նախարար Գոգա Խաչիձեին մեղադրում է նրանում, որ վերջինս Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ միասին 2008թ. դեկտեմբերի 10-ին մասնակցել է Սբ. Նորաշեն եկեղեցու դռները «կոտրելու» գործին: Իսկ հայկական Նորաշեն եկեղեցին նա անվանում է «վրացական Խարեբ եկեղեցի»:
«Եկեղեցու դռներ կոտրելը քրեական հանցագործություն է: Կան վկաներ, իսկ տեսանյութերը, որոնք հաստատում են նախարարի մեղքը, արդեն ուղարկվել են դատախազություն: Խորհրդարանական ընդդիմությունն արդեն սկսել է այդ հարցի շուրջ խորհրդակցությունները»,- հայտնել է Բագատուրիան Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Նա դիմել է նաեւ Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլիին եւ պահանջել հաշվի առնելու այդ պատահարը նախարարներրի պորտֆելների հաջորդ բաժանման ժամանակ, հաղորդում է Վրաստանի պետական հեռուստաընկերությունը:
Դեկտեմբերի 10-ին Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Գոգա Խաչիձեի ուղեկցությամբ այցելեց հայկական Սբ. Նորաշեն եկեղեցին:
1994թ.-ից պարբերաբար փորձեր են ձեռնարկվում «վրացականացնելու» Նորաշեն եկեղեցին, ոչնչացվում են հայկական գրությունները, որմնանկարները, խաչքարերը: Նորաշեն եկեղեցու տարածքում հերթական միջադեպը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին, երբ Վրաց ուղղափառ եկեղեցու հոգեւորական հայր Տարիել Սիկինչելաշվիլին բուլդոզերով բանվորների հետ միասին սկսեց տեղահանել Թբիլիսիի հայկական Նորաշեն եկեղեցու մոտ գտնվող Միխայիլ Իվանովիչի եւ Լիդիա Պետրովնա Թամամշեւների գերեզմանները:





