AM
30 Հունվար 2009 - 11:39 AMT

ԵԱՀԿ ԽՎ-ն կքննարկի սառեցված հակամարտությունների կարգավորմանն առնչվող նոր նախաձեռնությունները

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սուարեշը հայտարարել է, որ 2009թ. ամենակարեւոր մարտահրավերներից մեկը սառեցված հակամարտությունների խնդիրներն են: Նրա խոսքերով, Վեհաժողովը կքննարկի Կովկասի վերաբերյալ նոր նախաձեռնությունները այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը կայցելի տարածաշրջան փետրվար ամսին: Այս մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունում:

«ԵԱՀԿ ԽՎ ուշադրության կենտրոնում է նաեւ Մերձդնեստրի հարցը: Փետրվարի երկրորդ կեսին Լենմարկերը կմեկնի նաեւ Մոլդովա եւ Մերձդնեստր»,-հաղորդել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հունաստանի նախագահության օրոք Վեհաժողովը ակտիվորեն կներգրավվի ռուս-ուկրաինական գազային խնդրի, Վրաստանի ճգնաժամի լուծման մեջ, ինչպես նաեւ կքննարկի Եվրոպայում անվտանգության նոր կառուցվածքը, հաղորդում է ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունը:

Ղարաբաղյան հակամարտության գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը տարածաշրջանային այցի շրջանակներում փետրվարի երկրորդ շաբաթվա մեջ կայցելի Հայաստան: Լենմարկերը կայցելի նաեւ Վրաստան ու Ադրբեջան:

Լենմարկերի այցի ընթացքում նա կհանդիպի հարավկովկասյան երկրների ղեկավարության հետ: Հանդիպումներում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ կքննարկվի տարածաշրջանի իրավիճակն 2008թ, օգոստոսից հետո: