Թուրք հասարակության ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել «Հայեր, ներե’ք մեզ» նախաձեռնության հեղինակների դեմ գործ չհարուցելու Անկարայի դատախազության որոշումից: Նրանք հայցով դիմել են Անկարայի Սինչան մարզի դատարան` հայտարարելով, որ դատախազությունը մանրակրկիտ հետաքննություն չի վարել, եւ արշավի նախաձեռնողները նույնիսկ չեն հարցաքննվել, հաղորդում է Anatolian Agency-ն:
«Հայեր, ներե’ք մեզ» կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ արդեն հավաքել է շուրջ 30 հազար ստորագրություն: Արշավի նախաձեռնողներն են շուրջ 200 հայտնի թուրք ակադեմիկոսներ, լրագրողներ, գիտնականներ ու գրողներ:
Հունվարի սկզբին Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել հայ ժողովրդից ներողություն խնդրելու ակցիայի գործով, ղեկավարվելով Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով «թուրք ազգին վիրավորելու» մասով: Սակայն Անկարայի դատախազը մերժել է նախաձեռնողներին քրեական պատասխանատվության կանչելու պահանջը: «Դատախազությունը որոշեց, որ հարկ չկա քրեական գործ հարուցել այդ անձանց հանդեպ այն հիման վրա, որ ժողովրդավարական հասարակության մեջ խոսքի ազատությունը ենթադրում է նաեւ հակառակ կարծիքի արտահայտում»,-ասվում է Անկարայի դատախազության հայտարարության մեջ:





