Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներն այսօր կհանդիպեն Մյունխենում Անվտանգության գծով 45-րդ միջազգային համաժողովի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանը:
Ինչպես գրում է թուրքական Hurriet Daily թերթը, մեկ շաբաթ առաջ Ալի Բաբաջանն ու Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էին Դավոսում` Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում: «Ներկայումս հայ-թուրքական հարաբերություններում անընդմեջ գործընթաց է գնում: Ես կարծում եմ, որ եթե որեւէ արդյունքի հասնենք, դրա մասին կհայտարարվի»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, 1993թ. ի վեր Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Ջերմացումը հարաբերություններում նկատվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահը սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով ժամանեց Երեւան` դիտելու համար ֆուտբոլային խաղը Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ: Շփումները երկու երկրների միջեւ շարունակվում են նախարարների մակարդակով:





