ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեջադին` Իսլամական հեղափոխության 30 – րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, Բակո Սահակյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Մեծարգո պարոն Ահմադինեջադ,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ բարեկամական Իրանի Իսլամական Հանրապետության ողջ ժողովրդին` Իսլամական հեղափոխության 30-րդ տարեդաձի կապակցությամբ: Համաժողովրդական կամքի այս դրսեւորումը հիրավի դարակազմիկ իրադարձություն էր Իրանի պատմության մեջ:
Արցախում բարձր են գնահատում Իրանի դերը տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման գործում եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ունեցած հավասարակշռված դիրքորոշումը: Վստահ եմ, որ մեր ժողովուրդների եւ երկրների դարավոր բարեկամությունն ու կապերը գնալով կդառնան էլ ավելի ամուր ու բազմակողմանի: Կրկին շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, երջանկություն ու քաջառողջություն»:





