AM
11 Փետրվար 2009 - 10:23 AMT

Մեծ Բրիտանիան մուտքի արտոնագիր չի տվել «Ֆիտնա» ֆիլմի հեղինակին

Մեծ Բրիտանիայի իշխանությունները թույլ չեն տվել ժամանել երկիր նիդերլանդցի աջ քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսին, որը նկարահանել է հակաիսլամական «Ֆիտնա» ֆիլմը: Դեկտեմբերի սկզբին Վիլդերսը հայտարարել է, որ մեկնում է միջազգային շրջագայության իր սկանդալային ֆիլմով, որը հակասական արձագանք ունեցավ աշխարհում: «Ֆիտնայում» օգտագործվել են փաստագրական կադրեր, մեջբերվում են հայտնի ահաբեկիչ իսլամիստների հայտնի արտահայտությունները, թերթեի հոդվածների վերնագրերը: Վիլդերսին Մեծ Բրիտանիա էր հրավիրել Լորդերի պալատի անդամներից մեկը «Ֆիտնայի« ցուցադրության համար:

Վիլդերսը մտադիր էր հինգշաբթի օրը ներկա լինել «Ֆիտնայի» ցուցադրությանը բրիտանական խորհրդարանում: Սակայն երեքշաբթի նա նամակ ստացավ Նիդերլանդներում Մեծ Բրիտանիայի դեսպանից, որտեղ ասվում է, որ Վիլդերսի ուղեւորությունն այդ երկիր վտանգ է ներկայացնում հասարակական կարգի համար: «Եվ դա այն դեպքում, երբ ինձ հրավիրել է Բրիտանիայի խորհրդարանը»,-հայտարարել է հոլանդացի քաղաքական գործիչը լրագրողներին:

Ըստ Վիլդերսի, նա այնուամենայնիվ քննարկում է Լոնդոն մեկնելու հնարավորությունը: «Տեսնենք, թե ինչ կկատարվի սահմանում: Թող ինձ վրա ձեռնաշղթաներ հագցնեն»,-ասել է նա: Նիդերլանդների արտգործնախարար Մաքս Վերհագենը դժգոհություն է հայտնել Վիլդերսին Մեծ Բրիտանիա չթողնելու իշխանությունների որոշման առնչությամբ:

Հոլանդիայի ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, հաղորդել է այդ որոշման հանդեպ իր բացասական վերաբերմունքի մասին Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Միլիբենդին: «Ափսոսանքի է արժանի այն, որ Նիդերլանդների խորհրդարանականին արգելել են մուտքը Եվրամիության երկրներից մեկը»,-հայտարարել է Նիդերլանդների ԱԳՆ ղեկավարը: Գերտ Վիլդերսը հայտարարել է, որ նույնիսկ եթե նա այժմ չկարողանա Լոնդոն ժամանել, նրա ֆիլմը միեւնույն է կցուցադրվի Բրիտանիայի խորհրդարանում, հաղորդում է «Ռոյթերսը»:

Առաջին անգամ «Ֆիտնան» հայտնվեց ինտերնետում անցյալ տարվա մարտին: Ֆիլմը մահմեդականների բազում բողոքներ առաջացրեց Նիդերլանդներում եւ այլ երկրներում: Այնուհետեւ Վիլդերսը ցուցադրեց այդ ֆիլմը Նյու Յորքում եւ Երուսաղեմում: «Ֆիտնայի» ցուցադրությունը Եվրախորհրդարանում արգելվել է: Առաջիկայում Վիլդերսը մտադիր է ցուցադրել «Ֆիտնան» Իտալիայում եւ կրկին ԱՄՆ-ում: Մի շարք նիդերլանդական մահմեդական կազմակերպություններ դատի են տվել Վիլդերսին «ատելության բորբոքման եւ խտրականության կոչերի» համար, որոնք, ըստ իրենց, առկա են նրա ֆիլմում եւ ԶԼՄ-ներին տված նրա հարցազրույցում: