AM
11 Փետրվար 2009 - 12:02 AMT

ԱՄՆ. ՀՀՊ նախագիծը Եվրոպայում կարող է կասեցվել, եթե Իրանը հրաժարվի միջուկային զենքի վրա աշխատելուց

Օբամայի վարչակազմը, ի տարբերություն Բուշ-կրտսերի թիմի, ընկալում է ՀՀՊ նախագիծը Կենտրոնական Եվրոպայում առանց մեծ ոգեւորության` հղում անելով տեխնիկական թերությունների վրա: Երեկվա մամլո ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կրկին խոսեց վարչակազմի կասկածների մասին եւ, ավելին, հայտարարեց, որ նախագիծն ընդհանրապես կարող է փակվել, եթե Իրանը հրաժարվի միջուկային զենքի վրա աշխատելուց:

Պետքարտուղարը երախտագիտություն է հայտնել Չեխիային ու Լեհաստանին ԱՄՆ ջանքերին աջակցելու համար, որոնք ուղղված են նրան, որ Իրանին համոզեն ինչպես միջուկային մշակումների, այդպես էլ բալլիստիկ հրթիռների հարակից ծրագրերի ստեղծման անհեռանկարայնությունը:

«Թե ինչ ժամկետում եւ ինչ մասշտաբով մենք կծավալենք ՀՀՊ-ն, եթե գործը դրան հասնի, տեխնիկական հարց է, եւ պատասխանը առավելապես կախված կլինի Իրանի քաղաքականությունից: Եթե Իրանը փոխի իր կուրսը, մենք եւս կարող ենք վերանայել մեր մոտեցումները: Ինձ թվում է, սակայն, որ մինչ այդ դեռեւս շատ ու շատ կա»,-ընդգծել է Քլինթոնը:

Երեքշաբթի Իրանի նախագահ Ահմադինեժադը կարող է հետեւել Օբամայի կոչին, «բացել բռունցքը» եւ լուրջ ու պատասխանատու երկխոսություն սկսել Ամերիկայի հետ: Ընդ որում միջուկային պահը Քլինթոնի համար դեռեւս առաջնային է մնում:

«Մենք չենք հրաժարվում մեր հայացքներից, ասել է պետքարտուղարը, եւ համարում ենք, որ Իրանը չպետք է միջուկային զենք ստանա, այդ կուրսին հետեւելը ոչ մի լավ բան նրան չի խոստանում: Հուսով եմ, որ ապագայում մեզ հնարավորություն կընձեռվի ավելի լավ հասկանալ միմյանց ու երկխոսություն հաստատել, որը օգուտ կբերի Իրանի ժողովրդին»:

Երկուշաբթի կայացած մամլո ասուլիսում Օբաման հույս հայտնեց, որ կառուցողական համագործակցություն կհաստատվի Իրանի հետ, սակայն հավելեց, որ երկար տարիներ կուտակված անվստահությունը դժվար կլինի հաղթահարել, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» լրատվության ծառայությունը: