AM
19 Փետրվար 2009 - 07:38 AMT

Ռուսաստանն ու Վրաստանը պայմանավորվել են կանխել հակամարտությունները

Ռուսաստանն ու Վրաստանը Ժնեւում կայացած հանդիպմանը պայմանավորվել են հակամարտությունների կանխմանն ուղղված միջոցների մասին: Երկօրյա բանակցությունները Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի մասնակցությամբ անցել են Եվրամիության, ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների միջնորդությամբ:

Ըստ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պյեր Մորելի, «այս առաջարկությունների շուրջ փոխզիջման ձեռքբերումը կարեւոր քայլ է կայունության եւ անվտանգության հաստատման գործում»:

Վրաստանի տարածքի հակամարտության մեջ բոլոր ներգրավված կողմերը պայմանավորվել են հանդիպել ամեն շաբաթ, իսկ գուցե եւ ավելի հաճախ` քննարկելու համար հնարավոր խնդիրները, որ կարող են խարխլել տարածաշրջանի անվտանգությունը: Կողմերը պայմանավորվել են նաեւ համատեղ այցերի մասին` միջադեպերը քննելու համար, հաղորդւմ է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հոկտեմբերին առաջին հանդիպումը Ժնեւում ձախողվեց` ռուս եւ վրացի պատգամավորները հրաժարվեցին նստել նույն սենյակում:

Երկրորդ հանդիպմանը, նոյեմբերին, նրանք համաձայնվեցին աշխատանքային խմբերի ոչ պաշտոնական հանդիպման` երկու ապստամբ հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: