AM
20 Փետրվար 2009 - 15:05 AMT

Հայաստանի ԱԺ չի քննարկելու հակամարտության լուծման այն առաջարկները, որոնք չարժանանան ԼՂՀ ժողովրդի հավանությանը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին հանդիպում է ունեցել նույն օրը Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ պաշտոնական պատվիրակության հետ ԼՂՀ Ազգային ժողովում կայացած հանդիպմանը: Երկուստեք կարեւորվել է Արցախի եւ Հայաստանի միջեւ կապերի հետագա ընդլայնման ու զարգացման, նման բաց եւ անմիջական քննարկումներին պարբերական բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում:

Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Երկու հայկական հանրապետությունների օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ փոխշահավետ համագործակցության, ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

ՀՀ Ազգային ժողովի խոսնակն ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանը նույնիսկ չի էլ քննարկի հակամարտության կարգավորման այնպիսի առաջարկ, որը չի արժանանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավանությանը:

Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, խորհրդարանի անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ Աղգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը: