AM
28 Փետրվար 2009 - 08:48 AMT

ԱՄՆ համար Թուրքիան մեծ բարեկամ է եւ կարեւոր խաղացող Հարավային Կովկասում

Նոր վաշինգտոնյան վարչակազմը Թուրքիան ԱՄՆ համար դիտարկում է որպես կարեւոր խաղացող Հարավային Կովկասում, մեծ բարեկամ ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ կոնկրետ հարցերի առնչությամբ, այդ թվում` կապված Վրաստանի աջակցության եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման հետ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը` ելույթ ունենալով ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` առաջիկա շաբաթում Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի երկրներով սպասվող շրջագայությանը նվիրված եւ լրագրողների համար կազմակերպված հատուկ ասուլիսին:

Մեկնաբանելով ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մարտի 7-ին Անկարայում նշանակված այցը` Ֆրիդը հայտնել է, որ «Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունները բարելավվել են: «Այժմ մենք հնարավորություն ունենք ճշմարիտ, սերտ ռազմավարական գործընկերություն կառուցելու Թուրքիայի հետ»,- ընդգծել է դիվանագետը: