Հայաստանում ընթացող աշխատանքային շաբաթվա շրջանակներում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կտեղեկացնի Կազմակերպության կանոնադրական մարմինների ղեկավարներին, որոնք այսօր Հայաստանի համապատասխան գերատեսչությունների ղեկավարներն են, քանի որ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, Արագ արձագանքման հավաքական ուժերի նորմատիվաիրավական բազայի ստեղծմանն ուղղված աշխատանքների արդյունքների մասին:
«Քարտուղարությունը, ՀԱՊԿ միացյալ շտաբը, կազմակերպության անդամ պետությունների փորձագետներն ավարտել են Արագ արձագանքման հավաքական ուժերի` ԱԱՀՈՒ-ի կարգավիճակը, գործունեությունը, իրավական ռեժիմը, կիրառման պայմանները կանոնակարգող փաստաթղթերի նախագծերի նախապատրաստումը: Այժմ սկսվում է այդ փաստաթղթերի համաձայնեցման փուլը միջպետական մակարդակով: Այդ առնչությամբ անհրաժեշտ է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ բարձրագույն մարմնի` Հավաքական անվտանգության խորհրդի նախագահին` իրազեկելու նրան նշված փաստաթղթերում ամրագրված մոտեցումների մասին»,-ասել է գլխավոր քարտուղարը:
Բացի այդ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կքննարկի Արտգործնախարարների խորհրդի նիստի նախապատրաստման հետ կապված հարցեր, որը տեղի կունենա Երեւանում ընթացիկ տարվա ապրիլին: Նիկոլայ Բորդյուժան կմասնակցի նաեւ Հայաստանում ՀԱՊԿ Տեղեկատվական աջակցության միջազգային կենտրոնի բացման տարեդարձին նվիրված միջոցառումներին, հաղորդում է ՀԱՊԿ մամլո ծառայությունը:
Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեծման վերաբերյալ որոշումը կայացվեց Հավաքական անվտանգության խորհրդի փետրվարի 4-ին Մոսկվայում կայացած նիստի ժամանակ:





