Վրաստանում ներքին քաղաքական դրությունը ներկայումս անբարենպաստ է, եւ դա անդրադառնում է Ջավախքի վրա: Միխայիլ Սահակաշվիլիի քաոսային քաղաքականությունը լարվածության է հանգեցնում ոչ միայն հայաբնակ շրջաններում, այլեւ ողջ Վրաստանում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Միգուցե Սահակաշվիլին այդպես կարողանում է իր ձեռքում պահել իշխանությունը, իսկ միգուցե եւ դա պարզապես վրացական քաղաքականության սովորական վիճակն է: Վրացական ընդդիմությունը չունի Սահակաշվիլիին մրցակից որեւէ անձ, կոպիտ ասած` նրանք չունեն իրենց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ավելին, վրացական քաղաքականության մեջ ակնհայտ անհամապատասխանություն կա ազգային փոքրամասնությունների հայտերի եւ ունիտար պետության գաղափարի միջեւ, որն այդպես պաշտպանում է Վրաստանի նախագահը»,- ասել է Իսկանդարյանը:
Նրա կարծիքով, ներկայումս Հայաստանը շատ է կախված Վրաստանից, որովհետեւ բեռների 80% գալիս է Վրաստանով: «Բայց Վրաստանն էլ Հայաստանի կարիքն ունի: Այնպես որ երկու երկրներից ոչ մեկին էլ լարված հարաբերություններ պետք չեն»,- ընդգծել է հայ քաղաքագետը:





