AM
5 Մարտ 2009 - 17:02 AMT

Ինչու՞ Կոսովոն կարող է անկախ պետություն լինել, իսկ Աբխազիան ու Հարավային Օսիան` ոչ

ԱՊՀ ստեղծման օրից Համագործակցության անդամ երկրների բոլոր նախագահները հանդես էին գալիս տարածքային ամբողջականության սկզբունքի կողմից: Այն ժամանակ Վրաստանի, Ադրբեջանի եւ ԱՊՀ այլ երկրների ղեկավարներն այդ սկբզունքն էին համարում հիմնական: Բայց եթե երկրները որոշեն պաշտպանել իրենց տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես դա արեց Վրաստանը 2008թ. օգոստոսին, ապա դա ցավալի հետեւանքների կհանգեցնի: Այդ մասին «Ուկրաինան եւ ԱՊՀ երկրները համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում» թեմայով Երեւան-Թբիլիսի-Մոսկվա-Կիեւ-Քիշինեւ հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման:

«Ցանկացած տարաձայնություններ, հակամարտություններ պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով»,- ընդգծել է Ուկրաինայի նախկին նախագահը: Լեոնիդ Կուչման նկատել է, որ նույնպես պաշտպանում է տարածքային ամբողջականության սկզբունքը: «Վրաստանը ճանաչեց Կոսովոյի անկախությունը, ինչը նախադեպ դարձավ մնացած երկրների անկախության հռչակման համար: Հարցը նրանում է, թե ինչու Կոսովոն կարող է անկախ պետություն լինել, իսկ Աբխազիան ու Հարավային Օսիան` ոչ»,- նկատել է Լեոնիդ Կուչման` ավելացնելով, որ պետությունների անկախության հռչակման գործընթացը սկսվել է եւ աշխարհը դեռ մի անգամ չէ, որ կբախվի դրա դրսեւորումների հետ:

Խոսելով Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի շարունակվող մատակարարման մասին` Լեոնիդ Կուչման նշել է, որ Ադրբեջանը նույն հաջողությամբ ռազմական տեխնիկա է գնում նաեւ Ռուսաստանից եւ այլ երկրներից: «ԱՊՀ երկրները պետք է իրար միջեւ պայմանավորվեն զենքի մատակարարման մասին: Մենք հարեւաններ ենք, ընդհանուր անցյալ ունենք եւ գոյություն ունեցող տարաձայնությունների լուծման համար մենք պետք է դիմենք քաղաքական գործիքների օգնությանը»,- հայտնել է Կուչման: