Մոլդովան «Արեւելյան գործընկերություն», նախագծի շրջանակներում 60 մլն եվրո կստանա բարեփոխումների եւ եվրոպական չափանիշների կիրառման համար: Այդ մասին հայտարարել է Մոլդովայում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կալման Միժեին: Ընդ որում, նա ընդգծել է, որ նախաձեռնությունը որպես վերջնանպատակ չի ենթադրում ԱՊՀ վեց երկրի անդամակցությունը Եվրամիությանը, սակայն առավելագույնս կնպաստի անդամակցության համար պահանջվող չափանիշներին նրանց մոտենալուն: «Արեւելյան գործընկերությունը» Եվրամիության նախագիծը չէ, այլ Եվրամիության եւ ԱՊՀ երկրների համատեղ նախագիծն է», – ավելացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
«Արեւելյան գործընկերությունը» բազմակողմանի համագործակցություն է, որը կազմավորվել է Եվրամիությանն անդամ երկրների եւ Արեւելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի վեց պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի կողմից: Այդ նախաձեռնությունը նպատակաուղղված է ծառայությունների ու գյուղատնտեսական արտադրանքի ազատ առեւտրի գոտիների կազմավորման, ինչպես նաեւ գործընկերային ու անցագրային համաձայնագրերի շուրջ բանակցություններին նպաստելուն: Պաշտոնապես «Արեւելյան գործընկերություն» նախագիծը կգործարկվի 2009 թվականի մայիսին, – հաղորդում է ՌոսԲիզնեսԿոնսալտինգը:





