AM
12 Մարտ 2009 - 09:23 AMT

Ֆրանսիան վերադառնում է ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարություն

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարեց, որ իր երկիրը վերադառնում է ՆԱՏՕ-ի ռազմական հրամանատարության կառույցներ: «Ժամանակն է վերջ տալ այս իրավիճակին: ՆԱՏՕ-ի հրամանատարության կառույցներ վերադառնալը բխում է Ֆրանսիայի ու Եվրոպայի շահերից»,-հայտարարել է Սարկոզին` ելույթ ունենալով Փարիզում` ֆրանսիացի ռազմական փորձագետների հանդիպմանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը ողջունեց Ֆրանսիայի նախագահի որոշումը: «Ֆրանսիայի լիարժեք մասնակցությունը որոշումների կայացմանը, ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական հարցերում, միայն կհզորացնի դաշինքը»,-հայտարարել է Յաապ Դե Հոոպ Սխեֆերը:

Ֆրանսիան, իր զինված ուժերի քանակով չորրորդը լինելով ՆԱՏՕ-ում, ակտիվ մասնակցություն է ունեցել ՆԱՏՕ-ի գործողություններին Բալկաններում եւ Աֆղանստանում: Միեւնույն ժամանակ, չնայած նախագահ Սարկոզիի հայտարարությանը, Ֆրանսիայի միջուկային ուժերի հրամանատարությունը մնում է ՆԱՏՕ-ի վերահսկողությունից դուրս:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենը գտնում է, որ հիքմեր չկան ասելու, թե Փարիզն այժմ ստիպված կլինի համաձայնեցնել իր գործողություններն ԱՄՆ-ի հետ: Որպես օրինակ Մորենը բերում է Գերմանիան, որը լիովին ինտեգրված է ՆԱՏՕ-ի կառույցներին, սակայն, այնուամենայնիվ, դեմ է եղել պատերազմին Իրաքում: Ըստ պաշտպանության նախարարության ղեկավարի, դաշինք վերադառնալով Ֆրանսիան միայն կշահի,քանի որ հնարավորություն կստանա ազդել կազմակերպության ռազմավարության վրա, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փարիզը լքել է ՆԱՏՕ-ի հրամանատարության ինտեգրված կառույցները 1966 թվականին: Այդպիսով, Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը ցանկանում էր ցուցադրել իր անկախությունն ԱՄՆ-ից: Ընդ որում ձեւականորեն երկիրը շարունակում էր մնալ դաշինքի անդամ: