AM
14 Մարտ 2009 - 17:33 AMT

Մեթյու Բրայզան հաստատել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մայիսի 7-ին կհանդիպեն Պրահայում

«Գտնում եմ, որ անցած տարվա նոյեմբերին եւ հունվարին Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի միջեւ անցկացված հանդիպումներից հետո, առաջընթացը կա», – ասել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի ԱՄՆ-ի կողմից համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, առայժմ որոշակի տարաձայնություններ կան նոր առաջարկությունների առնչությամբ: «Կողմերն այդ հարցերի վերաբերյալ միեւնույն հայտարարի չեն կարողացել գալ, սակայն առաջընթաց, այնուամենայնիվ, կա», – ասել է ամերիկացի դիվանագետը:

Բրայզան ընդգծել է, որ համանախագահներն աշխատում են, եւ արդեն սկզբունքային պայմանավորվածություն է ձեռքբերվել Ալիեւի եւ Սարգսյանի նոր հանդիպման շուրջ: «Վերջինս տեղի կունենա Պրահայում մայիսի 7-ին «Արեւելյան գործընկերության» շուրջ Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ», – նշել է նա, ընդգծելով, որ այդ հանդիպումները մեծ գործնական նշանակություն ունեն, հաղորդում է TrendNews-ը: