ԱՄՆ Սենատում իր աշխատանքի ընթացքում եւ նախընտրական քարոզարշավի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծում էր, որ ԱՄՆ-ն պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` մեկնաբանելով «La Times» թերթում հրատարակված «Օբաման տատանվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում» հոդվածը:
«Մենք գիտենք, որ նախագահն իր խոսքի տեր մարդ է եւ մտադիր է կատարել ցեղասպանությունների շարքը կասեցնելու վերաբերյալ իր պարտավորությունները: ANCA-ն անհամբերությամբ է սպասում , որ Բարաք Օբաման վերջ կդնի ԱՄՆ-ի մասնակցությանը Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը»,-ասել է Համբարյանը:
Իր հերթին կոնգրեսական Ադամ Շիֆը նշել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հակառակորդների փաստարկները նույնն են, ինչպես միշտ: «Մենք պետք է ճանաչենք ցեղասպանությունը, սակայն միայն ոչ այս տարի` սա եւս նույն հին կրկներգն է»,-ասել է Շիֆը:





