AM
19 Մարտ 2009 - 09:46 AMT

Ադրբեջանի ժողովուրդը հավանություն է տվել Ալիեւի ցմահ նախագահությանը

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու վերաբերյալ հանրաքվեի արդյունքների ամփոփումը: Ընտրատարածքների 96 տոկոսի արձանագրությունների ամփոփման արդյունքում Ադրբեջանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանդես է եկել ուղղումների ընդունման օգտին: Ամենաշատ կողմ ձայն` 91,73 տոկոս, ստացել է մեկ անձին նախագահի պաշտոնում ավելի քան երկու անգամ ընտրելու սահմանափակումը հանող ուղղումը:

Մնացած ուղղումների ընդունման օգտին քվեարկել է ընտրողների 87,14-89,14 տոկոսը:
Հանրաքվեն համարվում է կայացած ձայնի իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թվի առնվազն 25 տոկոսի մասնակցության դեպքում, հանրաքվեում ընդգրկված դրույթները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել է հանրաքվեին մասնակցած անձանց 50 տոկոսը` գումարած մեկ մարդ: Ընդհանուր առմամբ, հանրաքվեին մասնակցել է ընտրողների 71,08 տոկոսը:

Նախատեսվում էր Սահմանադրությունում կատարել 41 ուղղում եւ լրացում, որոնք, իվերջո, ներկայացվել են 29 կետով, որոնցից յուրաքանչյուրի համար ընտրողները քվեարկել են:

Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կտարելու եւ այդ առնչությամբ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել Միլլի Մեջլիսի «Ենի Ադրբեջան» (Նոր Ադրբեջան) կառավարող կուսակցությունից ընտրված պատգամավորները: Մինչդեռ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, ելույթ ունենալով Սահմանադրությունում մի շարք ուղղումների դեմ, ընտրողներին կոչ են արել բոյկոտել հանրաքվեն, հաղորդում է Day.az -ը: