Nabucco-ն վերադարձել է Եվրամիության առաջնային նախագծերի ցուցակ: Դա վերջին պահին տեղի ունեցավ նախագահող Չեխիայի շնորհիվ, թեեւ որոշ աղբյուրներ հաղորդում են, որ այդ հարցում պնդեց Լեհաստանը: Պրահան հաստատեց Արեւելյան Եվրոպայի երկրների պահանջը, որոնց համար Nabucco-ն կենսական կարեւորություն ունի: Եվրամիությունն արդեն օժանդակել է ցուցակի նոր խմբագրությունը: Այդ ցուցակի մեջ մտած էներգետիկ նախագծերի ֆինանսավորման համար նախատեսված է 5 միլիարդ եվրո: Այդ միջոցները ծախսվելու են 2009-2010թթ. ընթացքում: Միայն Nabucco գազատարի շինարարության համար Չեխիան առաջարկեց հատկացնել 200 միլիոն եվրո:
Այժմ առաջնային նախագծերի ցուցակը ճշտման համար կուղարկվի ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների նիստին: Նրանք հերթական նիստը կանցկացնեն Բրյուսելում հաջորդ շաբաթ: Այնուհետեւ փաստաթուղթը Եվրահանձնաժողով կուղարկվի:
The Financial Times-ը գրում է, որ ԵՄ բյուջեի գլխավոր դոնորը` Գերմանիան, կասկածամտությամբ է վերաբերվում նախագծին: Փորձագետների կարծիքով, դա կապված է նաեւ նրա հետ, որ Բեռլինը հույսեր է կապում «Հյուսիսային հոսք» այլընտրանքային նախագծի հետ, որի շնորհիվ ռուսական գազը կհոսի Բալթիկ ծովի հատակով: Պաշտոնապես Գերմանիան հայտարարում է այն մասին, որ այդ գումարի ծախսը թույլ չի տա խթանելու տնտեսությունը, քանի որ փոխհատուցումը կերեւա միայն մի քանի տարի անց:
ԵՄ նաեւ համաձայնել է ճգնաժամից տուժած արեւելաեվրոպական երկրներին մինչեւ 50 միլիարդ եվրոյի վարկ տրամադրել: Ավելի վաղ ԵՄ-ում խոսում էին միայն 25 միլիարդ եվրո գումարի մասին:





