AM
20 Մարտ 2009 - 17:59 AMT

Եթե Ջավախքի խնդիրները չլուծվեն, լարվածությունը տարածաշրջանում կպահպանվի

Ջավախքի մի շարք հասարակական-քաղաքական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որտեղ, մասնավորապես, ասված է. «Վերջին ժամանակներս Ջավախքում գոյություն ունեցող հիմնախնդիրների շուրջ ակտիվացել են հասարակական-քաղաքական քննարկումները: Հայտնվել են ինչ-որ ուժերի կողմից ուղղորդվող մարդիկ, որոնք կազմակերպված ձեւով փորձում են հասարակության ուշադրությունը շեղել Ջավախքում գոյություն ունեցող բուն հիմնախնդիրներից»:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպությունները մշտապես քննարկել եւ բազմիցս Վրաստանի կենտրոնական իշխանությանն են ներկայացրել այն հիմնախնդիրները, որոնց լուծումից է կախված հայ ազգաբնակչության հետագա գոյատեւումը Ջավախքում եւ հայ-վրացական բարեկամության ամրապնդումը: Այս հիմնախնդիրներին են պատկանում ազգային ինքնության պահպանման, քաղաքական, հոգ-որ-մշակութային, կրթական – սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը: «Մասնավորապես, մեզ համար կենսական նշանակություն ունեն.
* տեղական իշխանության մարմիններին ավելի լայն լիազորություններով օժտելը,
* վրաց պետական լեզվին զուգահեռ հայոց լեզվին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրամադրելը,
* մարդու եւ համախումբ բնակվող ազգային փոքրամասնության իրավունքների պաշտպանությունն ապահովելը,
* վրացական իշխանությունների կողմից տարածաշրջանում ժողովրդագրական կազմի արհեստական փոփոխությանը միտված քաղաքականության բացառումը,
* Ջավախք-Հայաստան բազմակողմանի կապերը միտումնավոր խոչընդոտելու քաղաքականության բացառումը,
* տարածաշրջանի հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ ապօրինի հետապնդումների ու հալածանքների բացառումը,
* հայ-վրացական պետական սահմանի Ջավախքի հատվածում սահմանի անցման արհեստական խոչընդոտների վերացումը,
* պետական կրթական համակարգի օպտիմալ համակարգումը հայկական ազգային կրթության հետ,
* տարածաշրջանում հայկական ազգային մշակույթի պահպանման եւ զարգացման միջոցառումների մշակումը եւ իրագործումը,
* Ջավախքում ներդրումային եւ հումանիտար քաղաքականությանը նպաստող օրենսդրական փաթեթի մշակումը:
Համոզված ենք, որ առանց այս խնդիրների լուծման, Ջավախքում կպահպանվի մշտական լարվածություն, եւ այդ պատճառով էլ մենք պայքարում ենք դրանց լուծման համար: Խնդիրները վերանում են դրանք լուծելով, ոչ թե դրանց բարձրացնողներին լռեցնելով»,-ասված է PanARMENIAN.Net-ի ստացած հայտարարության մեջ: