ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի ընտրություններում Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, հավանություն կտան Դանիայի վարչապետ Անդերս Ֆոգ Ռասմուսենի թեկնածությանը, հաղորդում է The Washington Times թերթը` վկայակոչելով Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրները:
Անդերս Ֆոգ Ռասմուսենը կկարողանա առավել սերտ համագործակցություն հաստատել ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ու ՄԱԿ-ի միջեւ: Դանիայի վարչապետին աջակցում են Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, սակայն ԱՄՆ մայրաքաղաքում դիտարկում էին այդ պաշտոնում Կանադայի արտգործնախարար Պիտեր Մաքեյի թեկնածության առաջադրումը: Ինչպես հաղորդել են Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրները, այդ պաշտոնում իր թեկնածությունն ակտիվորեն առաջ էր տանում Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին:
Reuters-ը մեջ է բերում թուրքական պաշտոնական աղբյուրի խոսքերն այն մասին, որ Թուրքիան կարող է խոչընդոտել Ռասմուսենի թեկնածության առաջադրմանը: Անկարայի կարծիքով, Դանիայի վարչապետը «վարկաբեկվել է» Թուրքիայի աչքերում Դանիայի հեռուստատեսությամբ քրդական ալիքի հեռարձակման համար: Ռասմուսենին նաեւ հիշեցրել են իր իսկ խոսքերն այն մասին, որ Թուրքիան երբեք չի դառնա Եվրամիության անդամ:
Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ղեկավարի վերաբերյալ վերջնական որոշման հրապարակումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ապրիլի 3-4-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: Ներկայիս գլխավոր քարտուղար Յապ դե Հոոպ Սխեֆերն իր պաշտոնից հեռանում է հուլիսի 31-ին:





