AM
23 Մարտ 2009 - 10:16 AMT

Միխաիլ Սահակաշվիլին քննադատել է Թուրքիայի Կովկասյան պլատֆորմը

Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին համարում է, որ Թուրքիայի առաջարկած Կովկասի անվտանգության պլատֆորմը դեռեւս «հում» վիճակում է: «Անկարայի առաջարկած Կովկասի անվտանգության պլատֆորմը դեռեւս հստակ ձեւակերպում չունի, սակայն մենք մշտապես ողջունում ենք բազմակողմ մեխանիզմները»,-ասել է Սահակաշվիլին Բրյուսելի համաժողովի շրջանակներում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Միեւնույն ժամանակ Սահակաշվիլին հավելել է, որ անհրաժեշտ չի համարում այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որոնք չեն նախատեսում Եվրամիության եւ տարածաշրջանում այլ մեծ խաղացողների մասնակցությունը: «Կարծում եմ, որ ինչ-որ էքսկլյուզիվ տարածաշրջանային մեխանիզմներ չպետք է լինեն: Սակայն կարծում եմ, որ կարելի է ողջունել լրացումը ԵՄ-ի արդեն գոյություն ունեցող կառույցներին, որոնք բաց կլինեն տարածաշրջանի բոլոր դրական խաղացողների համար»,-ասել է Վրաստանի նախագահը, հաղորդում է civil.ge-ն:

Անցյալ տարվա օգոստոսին Անկարան առաջարկեց իրեն որպես միջնորդ Կովկասում խաղաղության հաստատման գործում` առաջ քաշելով Կովկասի անվտանգության պլատֆորմի գաղափարը, մի կազմակերպության, որին կարող են անդամակցել նաեւ Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը: