2009 թ. մարտի 24-26-ը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնելու են INSARAG-ի` Միջազգային որոնողա-փրկարարական խորհրդատվական խմբի` երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանք: Վարժանքը նախատեսված է փորձարկելու միջազգային արձագանքի համակարգման բոլոր այն բաղադրիչները, որոնք անհրաժեշտ կլինեն հանկարծակի բնական աղետից տուժած երկրին: INSARAG-ի քարտուղարությունն ամեն տարի կազմակերպում է նման խաղարկային վարժանքներ, որոնք իրազեկման եւ ուսուցման յուրօրինակ դասընթացներ են:
Հայաստանում իրականացվող երկրաշարժի արձագանքման խաղարկային վարժանքը նպատակ ունի բարձրացնել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկությունը INSARAG-ի կողմից աղետներին արձագանքելու մեթոդաբանության վերաբերյալ, ինչպես նաեւ փորձարկելու միջազգային եւ ազգային արձագանքողների համակարգումն ու համագործակցությունը այնպիսի խոշոր աղետների ժամանակ, ինչպիսին երկրաշարժն է:
INSARAG-ի տարածաշրջանային USAR-ի (Քաղաքային որոնողա-փրկարարական ծառայություն) հայաստանյան վարժանքին մասնակցելու են 22 երկրների աղետների կառավարման հարցերով զբաղվող ղեկավարներ եւ USAR-ի թիմեր, ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ իրենց տեղական գործընկերների հետ, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ եւ համապատասխան հաստատությունների արտակարգ իրավիճակներով զբաղվող ղեկավարներ:





