Ապրիլի 23-24-ին Դոնի Ռոստովում կանցնի «Ռուսաստանն ու հայերը` փոխգործակցության պատմություն» խորագրով խորհրդաժողովը: Խորհրդաժողովի կազմակերպիչներն են ՌԴ Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերակցությունը, ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտի Հարավային բաժանմունքի հայագիտության լաբորատորիան, Ռոստովի մարզի ընդհանուր եւ հատուկ կրթության նախարարությունը, Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքը, ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ՌԴ Հարավային դաշնային մարզում, ՀՀ սփյուռքի, կրթության եւ գիտության նախարարության մասնակցությամբ: Խորհրդաժողովը նվիրված էր Եկատերինա Երկրորդի Ղրիմի հայերին Ազովի նահանգում (Ռոստովի մարզ) վերաբնակեցնելու մասին հրամանագրի 230-ամյակին եւ Դոնի Նախիջեւան քաղաքի հիմնադրմանը (Դոնի Ռոստովի Պրոլետարական շրջան), հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
Խորհրդաժողովում նախատեսվում է քննարկել հետեւյալ հարցերը` Ռուսաստանի, ռուսների դերը Հայաստանի պատմության եւ մշակույթի մեջ, հայերի ավանդը Ռուսաստանի պատմության եւ մշակույթի մեջ, կազակները եւ հայերի ազատագրումը պարսկական եւ օսմանյան լծից, Հայոց ցեղասպանությունն ու 21-րդ դարում ցեղասպանության փաստերի կանխման խնդիրները, հայկական համայնքը Ռուսաստանում, ռուս-հայկական հարաբերությունների նշանակությունը Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակի կայունացման գործում, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումը, Ռուսաստանում կովկասաֆոբիայի ու միգրանտաֆոբիայի կանխարգելումը, հակառուսական տրամադրությունները Կովկասում:





