AM
31 Մարտ 2009 - 13:39 AMT

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովը երեկ քննարկել է Հայաստանի կողմից ԵԽԽՎ-ի 1643 բանաձեւի կատարման ընթացքը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ Մոնիտորինգի հանձնաժողովը ողջունել է Հայաստանում իրականացված օրենսդրական բարեփոխումները` կարեւորելով օրենքի կիրառման հետագա ընթացքը: Այդ մասին հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի կարծիքով, մինչեւ Վեհաժողովի ապրիլյան նստաշրջանի սկիզբը Հայաստանի Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներում կատարված փոփոխությունների գործադրման որոշակի արդյունքներ կլինեն, որոնցից կախված` հանձնաժողովը անդրադարձ կկատարի Հայաստանի հարցին: Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ, Մոնիտորինգի հանձնաժողովում քննարկման թեմա են եղել նաեւ Հայաստանի էլեկտրոնային լրատվամիջոցների գործունեության առնչությամբ այս պահին իրականացվող փոփոխությունները: «Մասնավորապես, կարգավորիչ մարմնի ձեւավորման հետ կապված առաջարկությունները, որոնք հնչեցվել են Եվրոպայի խորհրդի փորձագետների կողմից», – նշեց Հարությունյանը: Քննարկման առարկա են եղել նաեւ Երեւանի ավագանու ու քաղաքապետի առաջիկա ընտրությունները: «Ողջունեցին, որ ընտրությունները իրականացվում են քաղաքական բազմակարծության պայմաններում, մասնավորապես, հաշվի առնելով նաեւ առաջադրված թեկնածությունները եւ այն, որ կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները որոշում են կայացրել առանձին ցուցակներով ներկայանալ այդ ընտրություններին», – ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: