AM
6 Ապրիլ 2009 - 13:10 AMT

Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար «երկնքից իջած մանանա» չէ

Այսօր կան բոլոր նախապայմանները Երեւանի ու Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնել է Հայոց ցեղասպանության երեւանյան թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Եթե Թուրքիան հրաժարվի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց, ապա միջազգային հանրությանը ցույց կտա, որ չի ցանկանում բարեկամանալ իր հարեւանների հետ»,- նշել է Դեմոյանը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացման հնարավորությանը, ապա Հայոց ցեղասպանության երեւանյան թանգարան-ինստիտուտի տնօրենն ընդգծել է, որ եթե անգամ Անկարան չբացի սահմանը, ապա Հայաստանի հետ նման հնարավորության վերաբերյալ որեւէ փաստաթուղթ կստորագրի:

«Սահմանի բացումը Հայաստանի համար ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Մեզ հարկավոր է մանրամասն վերլուծել սահմանի բացման մարտահրավերները, որպեսզի հետո Թուրքիայից կախվածության մեջ չընկնենք: Պետք չէ մոռանալ, որ Թուրքիան մի երկիր է, որը պահեստում իրադարձությունների զարգացման մի քանի սցենար ունի»,- նկատել է Դեմոյանը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիան շարունակում է մնալ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը, որի հետ Հայաստանը չհայտարարված պատերազմի մեջ է գտնվում:

«Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում Թուրքիայի արեւելյան շրջանները շատ խոցելի են դարձել, եւ այդ շրջանների բնակչությունը նույնպես սպասում է սահմանի բացմանը: Բայց հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար «երկնքից իջած մանանա» չէ: Այդ ժամանակներն արդեն անցել են»,- հայտնել է Հայկ Դեմոյանը: