Հայ-թուրքական սահմանի բացման հավանականությունը շատ բարձր է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական վերլուծության թուրքական ընկերակցության (Turksam) նախագահ Սինան Օհանը: «Թուրքիա իր այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես ընդգծել է հայ-թուրքական սահմանի բացման կարեւորությունը: Սակայն որոշակի ժամկետ նշելը փաստացի անհնարին է: Ճիշտ է, կարելի է ենթադրել, որ դա տեղի կունենա միչեւ ընթացիկ տարվա սեպտեմբերը», – նշել է Turksam-ի նախագահը: Օհանի խոսքերով, Հայաստանի հետ սահմանի բացումը չի նշանակում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը Թուրքիայի համար երկրորդ պլան է անցնում: Նա նշել է, որ Անկարան չի ցանկանում որեւէ բան անել Բաքվի ցանկությանը հակառակ:
«Եթե Թուրքիան սահմանը բացի Ադրբեջանի կամքին հակառակ, ապա դա կարող է անցանկալի հետեւանքների հանգեցնել: Թուրքիան ցանկանում է բացել Հայասատնի հետ սահմանը, բայց միեւնույն ժամանակ, ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում: Անկարան գտնում է, որ սահմանի բացումը կնպաստի կարգավորմանը», – ընդգծել է թուրք փորձագետը:
Դրա հետ մեկտեղ, նա նշել է, որ «Քաղաքակրթությունների դաշինք» գագաթնաժողովին չմասնակցելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որոշումը կարող է ընկալվել որպես Անկարայի գործողություններին Բաքվի արձագանքը:





