AM
16 Ապրիլ 2009 - 12:53 AMT

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սպասվող համաձայնագիրն այդպես էլ չի ստորագրվել Երեւանում

«Այսօր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին ոչ մի համաձայնագրի ստորագրում չի լինելու: Բանակցությունները դեռեւս շարունակվում են եւ բավական հաջողությամբ»,- Երեւանում լրագրողներին է հայտնել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով, կողմերը շատ մոտ են բանակցությունների ավարտին:

ՍՏՀԿ ԱԳՆԽ գագաթաժողովին Թուրքիայի ԱԳՆ ղեկավարն առանձին հանդիպում ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Մամեդ Մամեդկուլիեւի հետ: Հանդիպման մանրամասները չեն հրապարակվում, սակայն, ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնի է դարձել տեղեկացված աղբյուրներից, խոսքը գնացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:

Մահմուդ Մամեդկուլիեւի խոսքով, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ բանակցությունները երկու երկրների գործն է, որին Ադրբեջանն իրավունք չունի միջամտելու: «Բայց մենք հետեւում ենք բանակցություների ընթացքին, եւ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կապերի վերականգնումը հնարավոր է միայն «ադրբեջանական հողերի ազատագրման» դեպքում»,- ասել է Մամեդկուլիեւը:

The Wall Street Journal թերթը ապրիլի սկզբին գրում էր, որ ապրիլի 16-ին Երեւանում հայ-թուրքական սահմանի բացման մասին համաձայնագիր է ստորագրվելու: