AM
16 Ապրիլ 2009 - 16:28 AMT

Մայիսին կամ հունիսին ղարաբաղյան կարգավորման մեջ հնարավոր է առաջընթա՞ց

Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հետազոտում են միմյանց դիրքորոշումները եւ այն ցավոտ զիջումները, որոնք նրանք պետք է կատարեն: Այդ մասին հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքով, կողմերը մտորում են առաջիկա փոփոխությունների շուրջ: «Բանակցությունների բնույթ այնպիսին է, որ առաջընթացն իսկապես առաջընթաց է լինելու»,- նշել է Բրայզան` ավելացնելով, որ դեռ շատ բան պետք է անել: Նրա կարծիքով, այդ առաջընթացը հնարավոր է մայիսին կամ հունիսին: «Մենք կանենք մեզնից կախված ամեն հնարավոր բան, որպեսզի նախագահները պայմանավորվեն»,- ասել է դիվանագետը:

Շոշափելով Հարավային Կովկասում նոր ամերիկյան վարչակազմի քաղաքականությունը` դիվանագետն ասել է, որ այն լուրջ փոփոխությունների չի ենթարկվել: «Սակայն կա որոշ ակտիվություն եւ կապերի ուժեղացում»,- ավելացրել է Բրայզան` նկատի ունենալով Քլինթոնի եւ Օբամայի այցերը Թուրքիա: Միաժամանակ ակտիվացել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, հաղորդում է VOA News-ը: