«Հայաստանը սահմանակից է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, ուստի չի կարող հանդես գալ Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների դեմ: Ադրբեջանի եւ Մոլդովայի հարցում ամեն ինչ պարզ է. նրանք ՀԱՊԿ անդամ չեն եւ լիակատար իրավունք ունեն մասնակցելու ցանկացած զորավարժությունների: Բայց Հայաստանի հարցում դրությունն ավելի բարդ է. նա Ռուսաստանի դաշնակիցն է»,- հայտնել է Կովկասի Ինստիտուտի ԱՊՀ երկրների բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովը:
Նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի պատճառով Հայաստանի համար շատ կարեւոր է հարաբերությունների հավասարակշռություն պահպանել, չէ՞ որ ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն համանախագահ երկրներ են: «Նրանց համար կարեւոր է, որպեսզի ՆԱՏՕ-ն կտրուկ հակահայկական դիրքորոշում չզբաղեցնի այդ հարցում: Ղազախստանը նման խնդիրներ չունի, նրանց համար ավելի հեշտ է ցուցադրել Ռուսաստանի հանդեպ հավատարմությունը, նրանց դրա համար ոչինչ չեն կարողանա անել: Իսկ այ Հայաստանի դեպքում միանգամից խնդիրներ կառաջանան Արեւմուտքի հետ: Իհարկե, ստացվում է, որ նրանց մեզ մատնում են զորավարժություններին իրենց մասնակցությամբ, բայց մենք էլ նրանց ենք մատնում` պահանջելով, որպեսզի Երեւանը հրաժարվի: Իսկ եթե մեր դիվանագիտությունը որակով աշխատեր, եւ դիվանագիտական հոսքերով ժամանակին համապատասխան քայլեր ձեռնարկվեին, ապա, կարծում եմ` ներկայումս այդպիսի ճգնաժամային իրադրություն չէր առաջանա: Իսկ այժմ ես` որպես ռուս մարդ, իհարկե, ցանկանում եմ, որպեսզի Հայաստանը հրաժարվի զորավարժություններին մասնակցելուց: Բայց, մյուս կողմից, ես հասկանում եմ, թե այդ պատճառով ինչպիսի խնդիրներ կարող են ծագել Հայաստանում»,- նշել է նա:
Ալեքսանդրովը նաեւ ասել է, որ Ռուսաստանը պետք է հստակ դիրքորոշում բռնի եւ Հայաստանից դաշնակցային պարտականությունների կատարում պահանջի: «Ոչ մի այլ բան մենք չենք կարող ցուցադրել: Բայց մենք նաեւ պետք է ցույց տանք, որ հետեւանքներ կլինեն նաեւ Ալյանսի համար: Այլապես, ստացվում է, որ մենք ճնշում ենք գործադրում Հայաստանի վրա, իսկ ՆԱՏՕ-ի հետ մտադիր ենք այսուհետ էլ բարելավել հարաբերությունները: Այդպես չի լինի: Դա բոլորովին անընդունելի մոտեցում է: Պետք է հայտարարել, որ մենք կրկին սառեցնում ենք հարաբերությունները եւ ՆԱՏՕ-ի դեմ որոշակի պատժամիջոցներ ենք ներմուծում. ասենք` դադարեցնում ենք բանակցությունները Աֆղանստան բեռներ փոխադրելու վերաբերյալ, դադարեցնում ենք ռազմական մակարդակով հաղորդակցությունը, չեղյալ ենք հայտարարում զանազան պատվիրակությունների համագործակցության ծրագրերը եւ այլն: Այսինքն, հարկավոր է հասկացնել, որ մենք ոչ թե պարզապես լեզու ենք թրջում, այլ մտադիր ենք իրական գործողություններ ձեռնարկել»,- ընդգծել է նա, գրում է Մատերիկ.ru-ն:





