Ռուսաստանը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մյուս բոլոր անդամ երկրները, հրավիրվել էր մասնակցելու «Գործընկերություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում Վրաստանում մայիսի 6-ից հունիսի 1-ը կայանալիք զորավարժություններին: Այդ մասին հայտարարել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը : «Ռուսաստանը նույնպես կարող է դիտորդներ ուղղարկել այդ զորավարժություններին: Կարծում եմ դաշնակիցները դեմ չեն լինի», – ասել է նա:
«Զորավարժությունները Վրաստանում ծրագրվել են 2008 թվականից,- ասել է Ապատուրայը,- եւ ռուսական կողմը տեղյակ էր դրանց անցկացմանը նախապատրաստվելուն»: Միեւնույն ժամանակ, «Ռուսաստանը չի օգտվել Դաշինքի հրավերից եւ չի մասնակցել այդ զորավարժությունների նախապատրաստման շուրջ կայացած խորհրդաժողովին, ինչն անհրաժեշտ է զորավարժություններին մասնակցելու համար», – հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նախկինում ծրագրվում էր, որ Վրաստանի տարածքում կայանալիք զորավարժություններին կմասնակցի 19 երկիր` Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բոսնիան եւ Հերցոգովինան, Կանադան, Խորվաթիան, Չեխիան, Վրաստանը, Հունգարիան, Հունաստանը, Ղազախստանը, Մոլդավիան, Սերբիան, Իսպանիան, Մակեդոնիան, Թուրքիան, Միավորված Արաբական Էմիրությունները, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը: Ապրիլի 20-ին հայտնի է դարձել, որ Ղազախստանը, Լատվիան եւ Էստոնիան չեն մասնակցի ՆԱՏՕ-ի զորավարժություններին:
ՆԱՏՕ-ին կից Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը չի բացառում Վրաստանում զորավարժությունների ընթացքում ՆԱՏՕ-ի զինծառայողների դեմ սադրանքների հնարավորությունը:
«Հետո մեզ մատնացույց կանեն, թե իբր մենք եք այդ կազմակերպել, – նշել է մշտական ներկայացուցիչը, – Մենք ՆԱՏՕ-ի անդամներին ասում ենք, եթե դուք, չնայած մեր նախազգուշացումներին, այնուամենայնիվ կազմակերպեք այդ զորավարժությունները, դուք եք պատասխանատու ձեր զինծառայողների անվտանգության համար: Եթե նրանց հետ որեւէ բան պատահի, ի նկատի ունեցեք` մենք ձեզ զգուշացրել ենք»:
ՆԱՏՕ-ն պաշտոնական ծանուցում է ստացել Ռուսաստանից` մայիսի 7-ին նախատեսվող գլխավոր շտաբերի պետերի հանդիպումը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությունների պատճառով հետաձգելու մասին: Այդ որոշման մասին գլխավոր զինվորական ներկայացուցիչների մակարդակով Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նսիտում հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավար, բանակի գեներալ Ալեքսեյ Մասլովը:





