Հայ-թուրքական սահմանի բացումը եւ «ճանապարհային քարտեզի» առկայությունը չեն կարող խանգարել հայ ժողովրդին պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչում եւ պատմամակն արդարության վերականգնում: Այդ մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Ապրիլի 24-ին հազարավոր լիբանանահայեր էին հավաքվել Անթիլիասի կաթողիկոսության շենքի առջեւ, որտեղ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել, որից հետո մասնակիցները շարժվել են դեպի հավերժ կրակը: Իր ելույթում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մեկ անգամ եւս հաստատել է, որ հայ ժողովրուրդը վճռական է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր պահանջում: «Մենք երախտապարտ ենք բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն միեւնույն ժամանակ մենք ասում ենք, որ լոկ ճանաչումը բավական չէ: Մենք ողորմություն չենք խնդրում աշխարհից, մենք արդարություն ենք պահանջում եւ դա մեր իրավունքն է»,-հայտարարել է Արամ Առաջինը: Ըստ հոգեւոր առաջնորդի, ոչ մի ճանապարհային քարտեզ, կամ պաշտոնյաների այցեր չեն կարող վերականգնել արդարությունը:





