Դոնի Ռոստովում Ռուսաստանի գիտության պատմության մեջ առաջին անգամ հաջողությամբ անցկացվել է «Ռուսաստանն ու հայերը. փոխգործակցության պատմությունը, ավանդույթները, ժամանակակից խնդիրներն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտական խորհրդաժողովը: Խորհրդաժողովի անցկացումը զուգակցվել է Եկատիրինա Երկրորդի հրամանով Ղրիմի հայերին Ազովի մարզում (Ռոստովի մարզ) վերաբնակեցման եւ «Դոնի Նախիջեւան» (Դոնի Ռոստով քաղաքի Պրոլետարիական շրջան) քաղաքի կազմավորման այս տարի լրացող 230-ամյակին:
Մեկնաբանելով խորհրդաժողովի արդյունքները, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (ՌԳԱ) ակադեմիկոս եւ հայտնի փիլիսոփա, Ռուսաստանի վաստակավոր գիտական գործիչ, պրոֆեսոր Յուրի Վոլկովն ընդգծել է, որ այն, անկասկած, Ռուսաստանի հայագիտության առնչությամբ խոշոր քայլ եւ նշանակալից միջազգային գիտական իրադարձություն է հանդիսացել: Խորհրդաժողովը սկիզբ է դրել Ռուսաստանի գիտության այդ բնագավառում հայեցակարգի ամբողջականության կազմավորմանը, հազարամյա պատմական փորձի համակարգված ուսումնասիրությանն ու ռուս-հայկական հարաբերությունների ժամանակակից միտումներին, որոնք կարեւոր դեր են խաղում համաշխարհային քաղաքակրթության զարգացման, աշխարհաքաղաքական խնդիրների լուծման եւ Կովկասում խաղաղության պահպանման գործում:
Խորհրդաժողովում ներկայացվել է Ռուսաստանից, Հայաստանից, Ուկրաինայից գիտնականների, քաղաքականագետների, ասպիրանտների եւ ուսանողների, այդ թվում գիտությունների 26 դոկտորի եւ 35 թեկնածուի ավելի քան 100 զեկույց եւ հաղորդագրություն: ՌԳԱ հայագիտության լաբորատորիան այժմ կփոխգործակցի նրանց հետ, կնպաստի նրանց հետազոտական աշխատանքին: Խորհրդաժողովի կարեւոր արդյունք կդառնա նաեւ առաջիկայում նրանց նյութերի ժողովածուի հրատարակումը: Հաշվի առնելով ստացված առաջարկությունները, Դոնի Ռոստովում այդպիսի խորհրդաժողովների անցկացումը կդառնա կանոնավոր:
Խորհրդաժողովի մասնակիցները ներկա են եղել ապրիլի 24-ին Դոնի Ռոստով եւ Շախտի քաղաքներում անցկացված միջոցառումներին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան, այցելել են Չալտիր գյուղի պատմաազգագրական թանգարան, որտեղ արդեն 230 տարի ապրում են Անիի հայերի ժառանգները, վարպետության դասեր են անցկացրել Հարավային դաշնային համալսարանի ուսանողների համար, հաղորդում է Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության Ռուսաստանի ընկերակցության մամլո ծառայությունը:





